ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱՁԳՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
ՀՀ կառավարությունը բավարարել է «Սոլարա» ընկերության ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ սարքավորումներ և հումք ձեռք բերելու համար:
«Սոլարա» ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից է, մասնագիտացած մասնավոր, բիզնես և արտադրական մասշտաբների արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման մեջ:
Ընկերությունը հիմնել է ալյումինի արտաձգման «Կոնստալ» գործարանը Աբովյան համայնքի տարածքում, որի համար ձեռք է բերել 23.000 քմ տարածք՝ արտադրական գործունեություն իրականացնելու համար:
Գործունեության հիմնական ուղղություներն են՝ արևային ֆոտովոլտային վահանակների համար ալյումինե շրջանակների արտադրությունը և արևային կայանների տեղադրման համար նախատեսված ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը: Գործարանում կարտադրվեն նաև ալյումինե դռների և պատուհանների համար շրջանակներ:
Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի խոսքով, Կառավարության այս որոշումը կարևոր խթան է Հայաստանում արտադրության կազմակերպման գրավչությունը մեծացնելու և ներդրումներ կատարելու համար:
«Հայաստանի Կառավարությունը մշտապես աջակցել է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և ոլորտում իրականացվող աշխատանքներին: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսական աճը էլ ավելի կայունացնելու և առաջ գնալու համար անհրաժեշտ է տնտեսության զարգացման վեկտորներն ուղղել դեպի արտադրողները: Մենք մեր հերթին որդեգրել ենք այս կարևոր ուղեգիծը և շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Ալյումինի արտաձգման գործարանի ստեղծման ներդրումային բյուջեն կազմում է 15 մլն դոլար, որի արդյունքում մենք կունենանք ոչ միայն կայուն արտադրություն, այլ նաև կստեղծենք շուրջ 200 աշխատատեղ:»,-նշել է «Սոլարա»-ի գլխավոր տնօրենը:
Արտադրանքի զգալի մասն արտահանվելու է ԱՄՆ, Եվրոպա և ԵԱՏՄ անդամ երկրներ:
Ալյումինի արտաձգման գործարանի բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերին և աշխատելու է ամսական 600-800 տոննա արտադրական հզորությամբ:
****
«SOLARA» ընկերությունն ստեղծվել է 2019թ. և զբաղվում է արևային կայանների տեղադրմամբ:
Կազմակերպությունը հանդիսանում է 2008 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «LA SOLAR GROUP» արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերության Հայաստանյան ռազմավարական գործընկերը:
«SOLARA»-ն մատուցում է արևային էներգետիկայի ոլորտի համալիր ծառայություններ՝ արևային կայանների նախագծում, տեղադրում, շահագործում, մոնիթորինգ և սպասարկում:
«