ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Էլեկտրամոբիլները տարեցտարի դառնում են մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասը: Ամեն օր մենք փողոցում ավելի շատ էլեկտրամոբիլներ ենք տեսնում: Ու քանի որ մեր երկրում էլեկտրական մեքենաների սիրահարների թիվը մեծանում է, արդեն երրորդ տարին է՝ «Սոլարա» ընկերությունը և «Էլեկտրամոբիլները Հայաստանում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպում են էլեկտրամոբիլների միջազգային օրվան նվիրված միջոցառում Երևանում:
Այս տարի մասնակցել են շուրջ 60 էլեկտրամոբիլիստներ:
«Միջոցառումը նպատակ ունի մեր հայրենակիցների ուշադրությունը կենտրոնացնել էլեկտրամոբիլների օգտագործման ուղղությամբ և նվազեցնել օդում արտանետումների ծավալը՝ չվնասելով շրջակա միջավայրին : Սա կրելու է շարունակական բնույթ․ ամեն տարի՝ սեպտեմբերի 9-ին, հաշվետու միջոցառումների ժամանակ մենք արձանագրելու ենք այն հաջողությունները, որոնք կունենանք ամբողջ տարվա ընթացքում», - նշել է Սոլարա ընկերության հանրային կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանը:
Միջոցառման ընթացքում էլեկտրամոբիլիստներն ավտոերթով շարժվել են դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծառատունկ կազմակերպել, որից հետո Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի հարակից հատվածում (գրպանիկում) կազմակերպվել է էլեկտրամոբիլների մրցավազք։ Հաղթողներին «Սոլարա» ընկերությունը տրամադրել է մեքենաների SOLARA EV CHARGER լիցքավորման կայաններից օգտվելու հնարավորություն:
Միջոցառման մասնակիցներն օրն ամփոփել են «Տեսլա Էներջի» ավտոսրահում կազմակերպված քննարկումով, որտեղ բարձրաձայնվել են այն խնդիրները, որոնց բախվում են էլեկտրամոբիլիստները: Դրանք կապված են մեքենաների գույքահարկի, առանձին կայանատեղիների տրամադրմանը և լիցքավորման կայաններին մոտենալու արգելքներին:
Մասնակիցները քննարկման արդյունքում որոշել են պարբերաբար դիմել իրավասու մարմիններին՝ այդ հարցերին շուտափույթ լուծում ստանալու ակնկալիքով: