ՍՈԼԱՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ
Սոլարա ընկերությունում հյուրընկալվել էին դպրոցականներ՝ ծանոթանալու արեվային էներգիայի ստացման առանձնահատկություններին
Ուսանողներին և աշակերտներին այլընտրանքային էլեկտրաէներգիա ստանալու մասին տեղեկատվություն տրամադրելու և արևից ստացված էլեկտրաէներգիայի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով «Սոլարա» ընկերությունում հյուրընկալվել էին Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները:
Նրանք շրջայց կատարեցին «Սոլարա» ընկերության ցուցասրահում, ծանոթացան ընկերության պատմությանը, իրականացվող ծրագրերին և գործունեության շրջանակներին:
Ընկերության հանրային կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանը դպրոցականներին ներկայացրեց տեխնոլոգիական այն լուծումները, որոնք իրականացվում են «Սոլարա»-ում: Ընկերությունը շուկայում արդեն ներկայանում է նաև նոր՝ BIFACIAL վահանակներով, որոնց ներդրումն արևային կայանների տեղադրման գործում հետաքրքրիր է, քանի որ դրանք 20 տոկոսով ավելի արտադրողականություն են ապահովում կայանի համար:
119 ավագ դպրոցի սաներին ընկերության ավագ ինժեներ Ոսկան Սարգսյանը համակարգչային ծրագրի միջոցով ցուցադրեց՝ ինչպես է նախագծվում կայանը և ինչ չափորոշիչներ են օգտագործվում կայանի տեղադրման ժամանակ։
«Սոլարա» -ում ընկերության մի շարք աշխատակիցներ աշակերտներին ուղեկցեցին «Անի պրոդուկտ» ընկերություն, որի տարածքում բոլորովին վերջերս գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան: Նրանք հնարավորություն ստացան տեղում ծանոթանալու արևային կայանի աշխատանքին ու դրա առանձնահատկություններին:
Այցի շրջանակում աշակերտները շփվեցին «Սոլարա»-ի մասնագետների հետ, տվեցին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր։ Ջերմ մթնոլորտում ամփոփելով հանդիպումը ոլորտի առաջատար ընկերության մասնագետների հետ՝ նրանք ցանկություն հայտնեցին հնարավորության դեպքում իրենց ուժերը փորձել արևային համակարգերի զարգացող ոլորտում , հատկապես, երբ ընկերությունը պատրաստակամ է նորից ընդունել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին ու աջակցել ոլորտում գիտելիքների ստացմանը։