Calculator
img
SOLARA

SOLARA-ն միացել է «100 տուն Արցախում» նախագծին

100-Tun-Artsakhum
27/11/2021

2021 թ․-ի հունիսին «Ապրելու Արցախ» հիմնադրամն Առաջին ալիքի հետ համատեղ սկսեց «100 տուն Արցախում» նախաձեռնությունը։ Այն նպատակ ունի աջակցելու պատերազմի պատճառով տեղահան արված արցախցիներին՝ ստեղծելով կյանքի նոր պայմաններ այն մարդկանց համար, ովքեր շարունակում են ապրել ու աշխատել Արցախում։

100 տների կառուցման վայրը Դահրավ գյուղի մերձակայքն է։ Այն Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա է գտնվում։ Հենց այստեղ են օր օրի կառուցվում էկոլոգիապես մաքուր փայտե առանձնատները, որտեղ և բնակվելու են շահառու բազմազավակ ընտանիքները։



Հիմնադրամի աջակիցների թվին հենց սկզբից միացել է նաև SOLARA ընկերությունը, որի նպատակն է արևային էներգիայից ստացված հոսանքով ապահովել Դահրավ գյուղի դպրոցը, որտեղ կսովորեն պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցի երեխաները։

Մեր ամբողջ թիմը մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղավ արևային էներգիան հասանելի դարձնելու կարևոր գործընթացին։ Արդեն իսկ տեղադրված են SOLARA արևային վահանակները դպրոցի տանիքին Արցախում։
Արևային համակարգը միացված է, իսկ նախագծի համար օգտագործվել են հայկական արտադրության LA Solar LS450HC արևային վահանակներ և Solis ապրանքանիշի 1P 4K փոխակերպիչ։ Կայանը ապահովում է դպրոցի հոսանքի տարեկան ծախսերը։



Այլընտրանքային էներգիայի կիրառումը շարունակում է լայնորեն տարածվել մեր երկրում։ Բազմաթիվ անհատների և կազմակերպությունների անցումը արևային էներգիային Արցախում ապացույցն է այն բանի, որ Արցախը, թեև վիրավոր, շարունակում է ապրել, աշխատել, ստեղծել ու արարել սեփական հողի վրա։ 
«100 տուն Արցախում» նախագծի ամբողջ ընթացքը հեռարձակվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Ներկայացվում են շինարարական և կառուցապատման աշխատանքները, ինչպես նաև նախագծին միացած բոլոր աջակիցները։



Նախագծի համահիմնադիր Սամվել Մովսիսյանը նշում է, որ տարբեր ընկերություններ ու անհատներ արդեն իսկ միացել են նախագծին՝ իրենց ներդրումն ունենալով բնակավայրի կառուցման կարևոր գործում․ «Շատ ու շատ մեր հայրենակիցներ և՛ սփյուռքից, և՛ Հայաստանից հետաքրքրված են իրենց ընկերության փոքրիկ ծրագրերը տեղափոխել գյուղ, որպեսզի կարողանանք գյուղի երիտասարդների և պատանիների զբաղվածությունն ապահովել, որպեսզի իրենք մնան և ապրեն Արցախում, քանի որ այսօր շատ կարևոր է յուրաքնաչյուրիս այնտեղ լինելը, դրանով է պայմանավորված Արցախի զարգացումը»:

Արցախի զարգացումն ու արցախահայության ապագան մշտապես պետք է գտնվեն բոլորիս ուշադրության կենտրոնում։ Հենց այս պատճառով կարևոր է ցանկացած հանգանակություն։ «100 տուն Արցախում» նախագծին կարող է աջակցել ամեն ոք՝ օգնելով  բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տունը կորցրած արցախցիներին: Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել Տուն բառը 1000 կարճ համարին: 1 SMS-ի արժեքը 500 դրամ է։

To top