Calculator
img
SOLARA

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները ծանոթացել են ՍՈԼԱՐԱ ընկերության գործունեությանը

Hayastani Azgayin Politekhnikakan Hamalsaran-1.webp
07/10/2022

«Սոլարա» ընկերության նախաձեռնությամբ և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալասարանի կարիերայի կենտրոնի գործուն աջակցությամբ ԲՈՒՀ-ի տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվել է ընկերության հիմնադրման պատմությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումները և ապագայի տեսլականը:

Կազմակերպության հանրային կապերի և մամուլի պատասխանատու Հայկ Հակոբյանը ներկայացրել է «Սոլարա» ընկերության կողմից իրականացված և կատարվող քայլերը: Նա մանրամասն նկարագրել է այն բոլոր նախագծերը, որոնք իրականացվել են կամ ընթացքի մեջ են:

Նրա խոսքով ընկերության գերնպատակներից է Հայաստանում առավելագույնը տարածել արևից ստացվող էլեկտրաէներգիայի օգտագործումը: «Մեր կազմակերպությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա արտադրական խոշոր ծավալներ ունեցող երկիր»,-նշել է նա: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում 90 մՎտ տարեկան արտադրական ծավալով գործող «LA SOLAR ARMENIA» արևային վահանակների գործարանում արտադրված արևային վահանակները «Made in Armenia» մակնշմամբ սպառվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ԱՄՆ և Եվրոպա:

«Մեր բիզնես նախագծերի շրջանակներում իրականացնում ենք «SOLARA CONSTRUCTION» շինարարական և ճարտարապետական աշխատանքներ: Հայաստանում արագորեն մեծ տարածում է գտնում էլեկտրամոբիլների կիրառությունը: Դրանց լիցքավորման համար «Սոլարա»-ն իրականացնում է «SOLARA EV CHARGER» նախագիծը, որի շրջանակներում գրավիչ բիզնես առաջարկներ ենք մշակել անհատների և կազմակերպությունների համար: Իսկ «FORMAL» ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամասը հնարավորություն ունի գոհացնել ամենախստապահանջ պատվիրատուին: 2022թ. նախատեսում ենք ավարտել տարածաշրջանում իր հզորություններով չզիջող «CONSTAL» ալյումինի արտաձգման գործարանը, որը պետք է արտադրի արևային վահանակների շրջանակներ, դռների ու պատուհանների դետալներ և այլն՝ ամսական մինչև 800 տոննա արտադրական ծավալով: Առաջիկա օրերին նախատեսված է «TESLA ENERGY» էլեկտրամոբիլների ավտոսրահի բացումը, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն ձեռք բերել «TESLA» էլեկտրամոբիլներ, այլ նաև դրանք վերանորոգել տեխսպասարկման կայանում և օգտվել «SOLA» էկո-սրճարանների մենյուից»,-նշել է Հայկ Հակոբյանը:

«Սոլարա» ընկերության ինժեներական բաժնի ղեկավար Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել է ընկերության ռազմավարական գործընկեր «LA SOLAR GROUP»-ի գործունեությունը և ստորաբաժանումների աշխատանքը: «LA SOLAR GROUP ընկերությունն իր աշխատանքներն սկսել է երկու աշխատակցով, որոնց թիվն այսօր հասել է 180-ի և գրասենյակներ ունի ԱՄՆ երեք խոշոր նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Նևադայում և Տեխասում: Բաղկացած է 7 ստորաբաժանումներից՝ ինժեներական, պայմանագրային և ֆինանսական, թույլտվության, էլեկտրացանցի կոմունալ, էլեկտրացանցի համակարգման, մոնիթորինգի, հաճախորդների սպասարկման բաժինները, որոնք իրենց առջև դրված խնդիրներին կարողանում են ճշգրիտ լուծումներ տալ»,-նշել է Ավետիսյանը:

«Սոլարա Քոնսթրաքշն» ընկերության բաժնի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է այն գործողությունները, որոնք իրականացվում են կայանները տեղադրելիս: Նա ուսանողներին հայտնել է, որ իրենք էլ կարող են իրենց գործուն մասնակցությունը բերել արևային կայանների ոլորտի զարգացմանը: «Մեր կազմակերպությունը ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որ կարող է օգնել արևային համակարգերի զարգացմանը: Մեր կազմակերպությունը պատրաստ է լսել յուրաքանչյուր նորարարական մոտեցում, որոնք միտված կլինեն այս ուղղության կատարելագործմանը և մենք պատրաստ ենք աջակցել»,-ասել է Վլադիմիր Հովհաննիսյանը:

Ավարտին՝ «Սոլարա» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Անահիտ Շահբազյանը ներկայացրել է այն թափուր հաստիքները, որոնք առկա են և հայտնել, որ ցանկացողները կարող են դիմում հայտեր ուղարկել այդ հաստիքները համալրելու համար:

To top